ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է, որ «Վերջին դաս» միջոցառման համար իրականացվող դրամահավաքության վերաբերյալ ահազանգեր է ստանում։
ԿԳՄՍ-ն հայտնել է, որ այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում «Վերջին դասը» տեղի կունենա մայիսի 24-ին և 25-ին։ ԿԳՄՍ-ն կոչ է արել զերծ մնալ դրամահավաքից, ավելորդ ճոխություններից։
«Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս անհրաժեշտ է բացառել որևէ դրամահավաք։ Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաեւ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին»,- հավելել են ԿԳՄՍ-ից։
Տեղեկացրել են, որ պարտադրված դրամահավաքների դեպքում ծնողները կարող են զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գիծ՝ 010- 599-600 հեռախոսահամարով: