Մայիսի 3-ին ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, օրակարգում բացառապես կրթական ոլորտին առնչվող հարցեր են քննարկվել, հայտնել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ զեկույցներով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
«Հրապարակ»-ը գրել է, որ նիստին, հիմնականում, «Ակադեմիական քաղաքի» ստեղծման հարցերն են քննարկել: Նա նշել է, որ ՔՊ-ականները շատ ակտիվ են եղել, շատ ջերմ են ընդունել նախարար Ժաննա Անդրեասյանին, և նրանց ակտիվ ներգրավվածությունը քննարկմանն ու առաջարկներին վկայել են «Ակադեմիական քաղաքի» նախագիծը ողջունելու մասին։
«ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգևորված են «Ակադեմիական քաղաքի» գաղափարով ու վստահ են, որ այն իսկապես մեծ ու լուրջ գյուտ է լինելու կրթական ոլորտում։ Թեև Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միևնույն է, այս կարորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել»,- ասված է հրապարակման մեջ։
2022 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կրթության ոլորտում բարեփոխումների մասին, որոնց շրջանակում նախատեսվում է Հայաստանում ստեղծել 8 միավորված գիտահետազոտական համալսարան՝ պետական լիարժեք ֆինանսավորմամբ, ինչպես նաև կառուցել «Ակադեմիական քաղաք», որտեղ կտեղափոխվեն բոլոր բուհերը:
2023թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ «Ակադեմիական քաղաքի» բացումը Հայաստանում նախատեսվում է 2030 թվականի հունվարին։
International GmbH Architects and Engineers-ի փոխտնօրեն Թոբիաս Քեյլը հայտնել էր, որ «Ակադեմիական քաղաքի» հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի 2024 թվականի երկրորդ կեսին։