Հայաստանում քաղաքական ուժերի բևեռացումը հանգեցրել է ԶԼՄ-ների բևեռացմանը, որի ներքո երկրում լրագրողները ենթարկվում են հետապնդումների, գրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը։
«Լրատվական ոլորտի բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը, շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդներին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին։ Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և հետապնդում լրագրողներին»,- ասվում է լրատվամիջոցների ազատության ամենամյա վարկանիշում։
Փարիզում գործող կազմակերպությունը նշել է, որ Հայաստանում տեղեկատվական ոլորտը կարգավորող իրավական նորմերը բավարար չափով չեն պաշտպանում մամուլի ազատությունը և չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Կառավարության տեղեկատվության հասանելիությունը, օրինակ, սահմանափակվում է կառավարության կողմից, ինչը հանգեցնում է ԶԼՄ-ների հարցումներին պատասխանելուց հրաժարվելուն կամ պատասխանի հետաձգմանը:
«Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես՝ կապված Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության նշած մեկ այլ խնդիր է հայկական ԶԼՄ-ների ֆինանսական կախվածությունը քաղաքական և հասարակական գործիչներից՝ չնայած այն հանգամանքին, որ միայն որոշ հրապարակումներ են որդեգրել վճարովի բաժանորդագրության մոդելը: Կազմակերպությանը անհանգստացրել է նաև լրագրողների նկատմամբ քաղաքական գործիչների վերաբերմունքը․ նրանց վիրավորում են, հարձակվում և մեղադրում զրպարտության մեջ, ինչը մեծացնում է լրատվամիջոցների ներկայացուցիչների ինքնագրաքննությունը։
«Ընդհանուր առմամբ՝ լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ»,- նշում է RSF-ը:
Այս ամենով Հայաստանը մամուլի ազատության առումով շարունակում է մնալ տարածաշրջանի առաջատարը։ 180 երկրների շարքում Հայաստանը վարկանիշում զբաղեցնում է 43-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 6 կետով։ Վրաստանը 103-րդ տեղում է, Թուրքիան՝ 158-րդ, Ռուսաստանը՝ 162-րդ, Ադրբեջանը՝ 164-րդ, Իրանը՝ 176-րդ։
Ինչպես նշում են իրավապաշտպանները, լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակը վատթարացել է ամբողջ աշխարհում։ «Մամուլի ազատությունը վտանգված է հենց այն մարդկանց կողմից, ովքեր պետք է լինեն դրա երաշխավորը՝ քաղաքական իշխանությունը։ Երկրի վարկանիշը կազմող հինգ ցուցիչներից 2024 թվականի ինդեքսի մեջ ամենաշատ անկումը քաղաքական ցուցանիշն է՝ 7,6 կետով»,- եզրափակել է կազմակերպությունը։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցներում Հայաստանը 2022 թվականին զբաղեցրել էր 51-րդ տեղը, իսկ 2023-ին՝ 49-րդ։ Freedom House-ը 2024 թվականի ապրիլին Հայաստանի ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը 2,5 կետից իջեցրել էր 2,25-ի՝ պայմանավորված գործադիր իշխանության ամրապնդմամբ։