Կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը փաստաբանական խմբի միջոցով պատասխանել է 168.am-ի հարցերին և հայտնել, որ Հայաստանի զինված ուժերի թիկունքում գտնվող Տավուշի մարզի տարածքների հանձնումն Ադրբեջանին «ուսումնազատված փորձնական-նախնական-պիլոտային» սահմանի դիմաց անմիջական սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։
Նա նշել է, որ քաջատեղյակ է այն հանգամանքներին, որոնցում տեղի են ունեցել բանակցություններ «Ղազախի շրջանի տարածքները վերադարձնելու» Ադրբեջանի պահանջը 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից բացառելու վերաբերյալ, ինչպես նաև այդ բանակցությունների «աշխարհաքաղաքական ենթատեքստի» վերաբերյալ։ Նա այսպես է մեկնաբանել Փաշինյանի այն հայտարարությունը, թե «մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն, չակերտներով կամ առանց չակերտների լեգիտիմացնելու առումով»։
Նա հիշեցրել է, որ Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից:
Ըստ Տոնոյանի՝ ի շահ Հայաստանի կարելի է արդյունքի հասնել նաև ճիշտ բանակցությունների միջոցով:
Տոնոյանը «վստահություն չներշնչող և խճճող» է անվանել Փաշինյանի այն հայտարարությունները, թե Տավուշի մարզի չորս գյուղի հարցը բանակցային գործընթաց վերադարձնելը պայմանավորված է Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը չեզոքացնելու պատճառաբանությամբ։
«Այդ նույն տրամաբանությամբ Ադրբեջանի ղեկավարի համար ՀՀ Սահմանադրության որոշ դրույթները, «Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության երաշխավորումը», ինչպես նաև՝ Հայաստան-Ադրբեջան չհամաձայնեցված կամ «վիճելի» տարածքները ոչ պակաս լեգիտիմ են լինելու ՀՀ-ի վրա հարձակվելու կամ «խաղաղության պայմանագիրը» չստորագրելու համար»,- ասել է նա։
Տոնոյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական ամբողջական սահմանի «սահմանազատման և սահմանագծման» սկզբունքների համաձայնեցումից հետո կարելի է թույլատրել ԶՈւ տեղաշարժ։
«ԶՈւ ցանկացած տեղաշարժ կարելի է թույլատրելի համարել միայն ու միայն հայ-ադրբեջանական մոտ 1000 կմ երկարությամբ ամբողջական սահմանի «սահմանազատման և սահմանագծման» սկզբունքների համաձայնեցումից և երկու երկրների խորհրդարաններում վերոհիշյալ սկզբունքների վավերացումից հետո»,- ասել է նա։
Նրա կարծիքով՝ ՀՀ-ում այդ քայլին գնալու լեգիտիմություն կունենա միայն նորընտիր ԱԺ-ն, որն առնվազն վստահության քվե կունենա ժողովրդի կողմից: Վստահություն` անվտանգության և պաշտպանության ոլորտում որոշումների կայացման համար, որն այս պահին, իր համոզմամբ, չկա:
Տոնոյանը կասկած չունի, որ ՀՀ ԶՈւ-ն այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը մինչ ԱԺ-ում վերոհիշյալ գործընթացների ավարտը:
«Տարածաշրջանային դերակատարներից կան, որ իրենց հայտարարություններում չեն անդրադարձել զորքերի հետքաշման հարցին, թերևս, հասկանում են, որ ՀՀ ԶՈւ դիրքերում տեղակայված մնալը միակ երաշխիքն է` վերոհիշյալ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շարունակականության ապահովման համար: Հակառակ դեպքում՝ խաբված կմնա ոչ միայն կառավարության ղեկավարը, այլև ամբողջ հայ ժողովուրդը»,- ասել է նա:
ՊՆ նախկին նախարարը վստահեցրել է, որ ազատության մեջ լինելու դեպքում՝ իրականացվող քաղաքականության դեմ պայքարող տավուշցիների կողքին կլիներ և կփորձեր կառուցողական աջակցություն ցուցաբերել նրանց:
Տոնոյանը 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ն զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել են 2021 թվականի սեպտեմբերին: ԱԱԾ-ում քննվող քրեական գործ էր հարուցվել ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել 7 անձի։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։