Մայիսի 10-ին Ալմաթիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի նշանակությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։
Հայաստանի արտգործնախարարությունը մայիսի 6-ին հայտնել էր, որ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 10-ին Ղազախստանում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Ապրիլի 30-ին Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում կայանալիք բանակցություններին։ Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳՆ խոսնակն Armenia Today-ին հայտնել էր, որ Միրզոյանն Ալմաթիում հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Երևանին և Բաքվին խաղաղության հաստատման համար բանակցային հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին։