ՀՀ քաղաքացիների միայն 27,8 %-ն է դրական գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, այս մասին վկայում է MPG/Gallup International Association-ի կողմից մայիսի 13-14-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցումը, որին մասնակցել է 1000 մարդ։
Նրանցից 9,15 %-ը Փաշինյանի աշխատանքը գահատել է լիովին դրական, 18,75 %-ը՝ ավելի շուտ դրական։ Միևնույն ժամանակ՝ 18,65 %-ը նրա աշխատաքը գնահատել է ավելի շուտ բացասական, 41,15 %-ը՝ ամբողջովին բացասական, իսկ 12,55 %-ը դժվարացել է պատասխանել։
Նշենք, որ հարցվածների կեսից ավելին մերժել է անցումային կառավարության ղեկավարի պաշտոնի համար առաջարկված բոլոր թեկնածուներին։
Հարցվածների 50,5 %-ն ասել է, որ թեկնածուներից ոչ մեկին չի տեսնում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի թեկնածությունը հաստատել է հարցվածների 6,7 %-ը, 2,5 %-ը նշել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2,2 %-ը՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի, 2 %-ը նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի, 1,5 %-ը՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, 1%-ը Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անունը։ Հարցվածների 31 %-ը դժվարացել է պատասխանել։
Նշենք, որ մարտի 27-29-ի նույն հարցման տվյալներով՝ Հայաստանի բնակիչների 67 %-ը բացասական էր գնահատել Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։