Ազգային ժողովը 2-րդ արտահերթ նիստում ընդունեց օրակարգում ընդգրկված երկու օրինագծերը: Նիստին չէին մասնակցում ընդդիմադիր կուսակցությունները։
Առաջինը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթն էր, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն էր որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, քանի որ առաջին ընթերցմամբ այն արդեն ընդունվել էր:
Քվեարկություններից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց բոլոր խմբակցություններին ենթադրաբար ժամը 21.30-ից լինել ԱԺ-ում. «Ժամը 21.30-21.45-ի շրջանում մենք կգումարենք մեր երկրորդ նիստը, այս նախագծերի երկրորդ ընթերցման համար»,- նշեց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։
Իսկ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնել։