ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, որ ջրհեղեղի հետևանքով վնասված Հարավկովկասյան երկաթուղու վերականգնման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվեն։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և Հայաստանի կառավարության աջակցությամբ։
«Բավականին դրական պատկեր ունենք։ Ներկա պահին հույս ունենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կարող ենք վերականգնել երկաթուղու աշխատանքները»,- ասել է նա։
Մարզպետը վերականգնման աշխատանքների ավարտի ժամկետ չի նշել՝ հավելելով, որ իշխանությունների առջև խնդիր է դրված առավելագույն սեղմ ժամկետներում վերականգնողական աշխատանքներն իրականացնել։
«Կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, քանի որ հսկայական վնասներ կան և դրանց վերակագնման համար բավական ժամանակ է պահանջվում։ Կան խնդիրներ, որոնք երբեմն տեսանելի չեն, բայց աշխատանքների ընթացքում ի հայտ են գալիս»,- հավելել է նա։
Ղազարյանի խոսքով՝ աղետի գոտում շարունակվում են ճանապարհների վերականգնման աշխատանքները։ Ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում Մ-6 միջպետական ճանապարհին, իսկ Ալավերդի-Ախթալա հատվածի մաքրման աշխատանքներն արդեն ավարտվել են։
Նա հավելել է, որ ճանապարհների վերականգնողական աշխատանքներ են իրականացվում Մ-6 ճանապարհի Թուֆենկյան համալիրի և Ալավերդի համայնքի դեպի գերեզմաններ տանող հատվածում։ Մարզպետի խոսքով՝ ջրհեղեղից տուժած մյուս 7 բնակավայրի հետ կապված այլընտրանքային ճանապարհների խճապատման, բարեկարգման աշխատանքներ են ընթանում։
Մարզպետը նաև հայտնել է, որ Հարավկովկասյան երկաթուղու գործընկերների միջոցով տեխնիկա են տեղափոխել Քարկոփ բնակավայր, որտեղ 100 փրկարարներ մաքրման աշխատանքներ են իրականացնում։ Ղազարյանը նաև հայտնել է, որ շարունակվում են վնասների գույքագրման աշխատանքները։
Մայիսի 29-ին Լոռու մարզպետն Armenia Today-ին պատմել էր մարզում ջրհեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։
Մայիսի 31-ին ՌԴ-ն հայտնել էր Հայաստանի՝ ջրհեղեղից տուժած երկաթուղիների վերականգնման համար գումար հատկացնելու մասին։