Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղային ենթակառուցվածքի 8 հատվածներից երկուսում գնացքների երթևեկությունը վերականգնվել է, հայտնել է Հարավկովկասյան երկաթուղու մամուլի ծառայությունը։
Երկաթուղին վնասվել էր Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետի վարարման ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների հետևանով, ինչը 4 զոհի պատճառ էր դարձել։
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով։ Ըստ նրա՝ վերականգնման աշխատանքներում ներգրավվել են ՀԿԵ-ի 265 աշխատակից, ավելի քան 30 մասնագետ Ռուսաստանից, իսկ «Վրացական երկաթուղիներ» ընկերությունից սպասվում են մի քանի մասնագետներ։
ՀԿԵ-ն հայտարարել է, որ Ախթալա կայարանում ավարտվել են 230 մետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի, ինչպես նաև 400 մետր երկարությամբ կապի հենարանների և մալուխների վերականգնման աշխատանքները:
«Ընկերության մանևրային ջերմաքարշը շարունակում է տեխնիկա և մարդկանց տեղափոխել ճանապարհներից կտրված Քարկոփ, Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում բնակավայրեր»,- ասված է Հարավկովկասյան երկաթուղու հաղորդագրությունում։
Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի՝ մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով։
Մայիսի 31-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը հայտնել էր, որ Հայաստանի՝ ջրհեղեղից տուժած երկաթուղիների վերականգնման համար Ռուսաստանը գումար է հատկացնում։
Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Լոռու և Տավուշի մարզից տարհանվել է 429 մարդ, դժվարացել է կապը 7 բնակավայրի հետ։