Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզում գտնվող աղետի գոտի, որտեղ շարունակվում են աշխատանքները մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ։
Վարչապետը հետաքրքրվել է ճանապարհների վերականգնման աշխատանքների ընթացքով։
«Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենքյան» հյուրանոցի մոտակայքում, փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:
Փաշինյանին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
Վարչապետն այցելել է նաև Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի Մարց գյուղի հատված։ Նա նշել է, որ հեղեղումների պատճառով ճանապարհը քանդվել էր, սակայն այժմ այդ հատվածում երթևեկությունը վերականգնվել է։
Կառավարության ղեկավարը զրուցել է մարզ գյուղի բնակիչների հետ և հետաքրքրվել, թե ի՞նչ վնաս է հասցրել ջրհեղեղը։ Գյուղի մի բնակչուհի Փաշինյանին ասել է, որ «կեսգիշերին բարձր ձայն է լսել և շատ վախեցել է»։ Նա հավելել է, որ բարեբախտաբար իր տունը չի հեղեղվել։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։
Կարդացեք և դիտեք նաև Armenia Today-ի մյուս ռեպորտաժները՝
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մայիսի 29-ին հայտարարել է երկրի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի «հսկայական» վնասի մասին։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը խոսել է հեղեղումների գոտում տիրող իրավիճակի և դրա հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։