Հունիսի 7-ին Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող «ՏաԹևեր» ճոպանուղի և Տաթևի վանական համալիր է այցելել միջազգային լրագրողների խումբ, հայտնում են «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամից։
Միջազգային հեղինակավոր պարբերականների լրագրողներն այցելել են Հայաստան՝ ծանոթանալու հայկական աշխարհի տեսարժան վայրերին, պատմամշակութային և հոգևոր կենտրոններին:
«Առաջին անգամ չէ, երբ «ՏաԹևեր» ճոպանուղին և Տաթևի վանական համալիրը հայտնվում են միջազգային լրատվամիջոցնորի ուշադրության կենտրոնում: Տաթևը Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից է։ Այսօր ճոպանուղի է այցելում երկրի յուրաքանչյուր հինգերորդ հյուրը, որի շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիք 2010թ. համեմատ աճել է 17 անգամ։
Հուսով ենք՝ միջազգային լրատվամիջոցների այցելություններն ու անդրադարձը կխթանեն այս միտումը, և աշխարհի տարբեր անկյուններից ավելի ու ավելի շատ մարդիկ կկարողանան բացահայտել այս եզակի ուղղությունը»,- ասել է ճոպանուղին կառավարող Impulse Business Management ընկերության տնօրեն Մարիա Բուտենկոն:
Լրագրողական խումբը շրջայց է կատարել Տաթևի վանական համալիրում, ծանոթացել Տաթևի դարավոր պատմությանը, Սյունիքի զարգացման գործում ունեցած դերին, այցելել վանական խցեր և միջնադարյան Ձիթհանի թանգարան:
«Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։ «ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, որի նախաձեռնողներն են Արցախի նախկին պետնախարար, բարերար, ներկայումս Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը և նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։