Սահմանադրության փոփոխության հարցը բանակցությունների սեղան բերելը խաղաղության գործընթացի տորպեդահարում է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ Սահմանադրության փոփոխության մասին խոսել է նախ 2018 թվականին, ապա 2019-ին և նշել, որ իր քաղաքական ուժի օրակարգում միշտ եղել են ժողովրդավարական բարեփոխումները։
«Մեր օրակարգը կապված է բացառապես ժողովրդավարական բարեփոխումների հետ, և ասել ենք, որ Սահմանադրական փոփոխությունը բանակցությունների մաս չի կարող լինել»,- ասել է նա։
Վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի տեքստն իր վերջնական փուլում է, ինչը թույլ է տալիս մոտ ապագայում խաղաղություն կնքել Բաքվի հետ։ Փաշինյանը հայտնել է, որ կնքման համար վերջին քայլերն են մնացել, սակայն չի պարզաբանել, թե համաձայնագրի որ դրույթներն են քննարկվում, որոնք պետք է վերջնական տեսքի բերվեն։
«Այո՛, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը, դա նշանակում է, որ մեր գնահատմամբ՝ խաղաղության պայմանագրի՝ այս պահին գնահատված տեքստը բավականին հասունացած է և կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի արդեն իսկ նախկինում երկկողմ հաստատված համաձայնությունների հիման վրա և ստորագրել»,- շեշտել է նա։
Ավելի ուշ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ շատ լուրջ խնդիր է որոշ երկրների՝ ՀՀ ինքնությունը վիճարկելու հարցը։ «Դա պրոբլեմ է, և շատ լուրջ պրոբլեմ»,- ասել է նա։
Վարչապետը հավելել է, որ ընդդիմությունն այդ հարցը «ճոճում է իր ուղղությամբ», սակայն ինքն ավելի շուտ է դա արել ու եզրահանգումների եկել։
«Ես ձեզանից 7 ամիս առաջ եմ այդ հարցը վերցրել ու ճոճել իմ ուղղությամբ։ Բայց այս հարցն ո՞վ է լուծելու։ Եվ ես ասել եմ՝ դու ես լուծելու այս հարցը, որովհետև դու ես ՀՀ վարչապետը։ Ուրեմն՝ գնա, գտիր լուծում»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ հարցի լուծման մեջ առաջնորդվում է ոչ թե վախով, այլ ռիսկերի կառավարմամբ։
Նրա խոսքով՝ բազմիցս է ցանկացել հարցի շուրջ փակ ռեժիմով խոսել ընդդիմության հետ, սակայն ընդդիմությունը հրաժարվել է։ Այդ պատճառով ինքը պատասխանում է հարցադրումներին այնքան, որքան բաց ռեժիմն է թույլ տալիս։
Հունիսի 7-ին Բաքուն ՀՀ սահմանադրությունը փոխելու իր պահանջն «օրինական» էր անվանել։ Հունիսի 4-ին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում Սահմանադրությունների փոփոխության հարց չկա։ Հունիսի 6-ին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։