National Geographic պարբերականը խորհուրդ է տալիս 2024 թվականին անպայման այցելել Հայաստան։ Հրատարակությունը հրապարակել է այս տարվա պարտադիր այցելությունների վայրերը և դրանցում ներառել Հայաստանը։
Հրապարակված ուղեցույցում պարբերականը պատմում է Հայաստանի պատմության ու տեսարժան վայրերի մասին։ Կայքը Հայաստանի պարտադիր այցելության գոհարներ է համարել առասպելական լեռները, հնագույն վանքերը և արագ զարգացող ֆերմայից սեղան ուտելիքի տեսարանը:
Նշվում է, որ Հայաստանը գրավիչ է հատկապես եկեղեցական ճարտարապետությամբ, տեղական խոհանոցով, բացօթյա արշավներով ու պատմությամբ հետաքրքրվողների համար։
«Հայաստանն ունի խաղողագործության ավանդույթներ, որոնք սկիզբ են առնում ավելի քան 6100 տարվա վաղեմություն ունեցող տակառներով և 400-ից ավել տեղական խաղողի տեսակներով։ Դրանք հիմք են հանդիսանում համաշխարհային կարգի բնական գինու և կոնյակի տեսարանի համար»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ լանդշաֆտը վայելելու լայն հնարավորություններ կան՝ սկսած Նորավանքի կիրճում ժայռամագլցումից մինչև Ազատի ջրամբարում նավակ վարելը:
Վանքերից խորհուրդ են տալիս այցելել Գեղարդը, Խոր Վիրապը, Տաթևը, ինչպես նաև Զվարթնոց տաճարը՝ որպես միջնադարյան ճարտարապետության օրինակ։
Ըստ պարբերականի՝ տասնյակ թանգարանների և մի քանի նախաքրիստոնեական հնագիտական վայրերով Երևանը, որն ավելի հին է, քան Հռոմը, կատարյալ է անցյալի իրադարձությունները բացահայտելու համար:
Առանձնահատուկ վայրերից են Մատենադարանը, Ձեռագրերի և լուսավորված հատորների թանգարանը, Կասկադ համալիրը, Հայաստանի պատմության թանգարանը:
Կանաչապատ տարածքով հետաքրքրվողների համար առաջարկում են հյուսիսը, Դիլիջան քաղաքը։
Հայաստանը, ըստ National Geographic-ի, գրավիչ է տարվա բոլոր եղանակներին։ «Հայաստանն ամբողջ տարվա վայր է, որտեղ ամեն սեզոնի ընթացքում տեղի են ունենում միջոցառումներ և իրադարձություններ»,- նշվում է հրապարակման մեջ:
Աշնանային ամիսները հիանալի են գինեգործների, իսկ ձմռանը՝ ոչ սեզոնային քաղաքային հանգստի համար։ «Մարտի վերջին ծիրանի ծառերն սկսում են ծաղկել, ընթրիքներ են կազմակերպվում Երևանի ծաղկած այգիներում, մինչդեռ ամառը լավագույնն է բարձրություններում արշավելու, Սևանա լճում ջրային սպորտաձևերի և Դեբեդի կիրճում մայրամուտը տեսնելու համար»,- խորհուրդ է տալիս կայքը:
2023թ․ նոյեմբերի տվյալներով՝ տարվա ընթացքում Հայաստան էր այցելել ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ։