ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 2023 թվականի 12 ամիսների ընթացքում ստացել է 15 մլն 794 հազար դրամ աշխատանքի վարձատրություն նախագահի աշխատակազմից, գրում է «Ժողովուրդ օրաթերթը։
Ըստ աղբյուրի՝ Խաչատուրյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 ավտոտնակ և 1 բնակարան բազմաբնակարան շենքում։ Անշարժ գույքերից 2 հողամասը Խաչատուրյանը ժառանգություն է ստացել 2017 թվականին, մեկը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանում։
«ՀՀ նախագահին պատկանող տունը և ավտոտնակը գտնվում են Երևանի Կենտրոն վարչական շրջանում. այս գույքերն էլ նախագահը նվիրատվություն է ստացել 2002 թվականին։ Նախագահը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել»,- գրում է թերթը։
Նշվում է, որ Խաչատուրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմում են 40 մլն դրամ և 1200 դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմում են 1 մլն 200 հազար դրամ և 18 հազար դոլար:
Վահագն Խաչատուրյանը 2022թ. մարտի 3-ին ԱԺ կողմից ընտրվել էր ՀՀ նախագահ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։