Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ՝ մարզկենտրոն Կապան և համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ գյուղեր, Քաջարան քաղաք, ծանոթացել ճանապարհաշինական աշխատանքներին և տեղի բնակիչների խնդիրներին: Վարչապետն այցելել է Շուռնուխ բնակավայր, որի մի մասն Ադրբեջանին է անցել 2020 թվականի պատերազմից հետո, հայտնում են կառավարությունից։
Կապանում Փաշինյանը ծանոթացել է քաղաքի բժշկական կենտրոնի հարակից կամրջից մինչև Ողջի և Վաչագան գետերի խառնման հատվածում Վաչագան գետի հունի մաքրման և գետի հենապատերի վերականգնման աշխատանքներին: Կապանում Փաշինյանը ծանոթացել է նաև 170 երեխայի համար նախատեսված թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներին:
Նա այցելել է Կապանի ֆուտբոլային մարզադաշտ, որը կառավարության որոշմամբ հանրության գերակա շահ է ճանաչվել, կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համապատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին:
Այնուհետև Փաշինյանը ծանոթացել է Սյունիք գյուղից Կապան մուտք գործող ճանապարհահատվածի, ինչպես նաև Կապանից դեպի սահմանամերձ Ճակատեն գյուղ նոր ճանապարհի կառուցման աշխատանքներին։
Կառավարության ղեկավարին է ներկայացվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը, որոնք մեկնարկել են 2024թ. մայիսին, իսկ ավարտը նախատեսված է 2026թ. վերջին:
Շուռնուխում վարչապետը մասնակցել է նորակառույց առանձնատների բաշխման` վիճակահանության արարողությանը: Այդ տներով ապահովել են 13 ընտանիքի, ովքեր գյուղի մի մասի՝ Ադրբեջանին անցնելուց հետո զրկվել էին իրենց տներից։
«Ուզում եմ հավատալ, որ այս թաղամասը Շուռնուխի, Գորիսի, Սյունիքի և Հայաստանի Հանրապետության նոր կյանքի խորհրդանիշն է, որտեղ կան ապրելու և աշխատելու համար բոլոր պայմանները: Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, որ աշխատելու ուժ ունենաք և այդ ընթացքում տեսնեք դրա արդյունքը, հարստանաք և մեր երկիրը հարստացնեք»,- ասել է Փաշինյանը։