Երևանի իշխանությունները խոսել են քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների ընթացքի մասին։
«Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Սեդոյանի խոսքով՝ ձևավորվել է մի փաթեթ, որն իրավական ակտերով համարվում է գլխավոր հատակագիծ և այն զուգահեռաբար թվայնացվում է։
«Գլխավոր հատակագծի աշխատանքներն առաջին փուլի ավարտական հատվածում են գտնվում, և եզրակացություններն ստանալուց հետո ավագանու հաստատմանը կներկայացնենք գլխավոր հատակագծի փաթեթը»,- ասել է նա։
Սեդոյանը նշել է, որ քաղաքաշինության մասին օրենքով այն համայնքները, որոնք հուլիսի 1-ից տարածական պլանավորման գլխավոր հատակագիծ չեն ունենա, քաղաքաշինական գործունեություն չեն կարող իրականացնել։
«Մենք որոշակի թարմացումներ ենք արել արդեն իսկ կառուցված ճանապարհներին և վերլուծել այն հնարավորությունները, որ նախկինում նախատեսված են եղել։ Փորձել ենք համադրել այսօրվա իրավիճակի հետ և արդիական, տրամաբանական թվացող լուծումները ևս պահպանել և սահմանել կառուցման մասով առաջնահերթություն»,- ավելացրել է նա։
Երևանի քաղաքապետարանը նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների մասին հայտնել էր 2023թ․ նոյեմբերին: Ըստ քաղաքապետարանի՝ այն լինելու է քաղաքի համաչափ և անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված փաստաթուղթ: