Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը Համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարանի ֆոնդերին, հայտնում է թանգրանաի-ինստիտուտի լրատվության բաժինը։
Ըստ հաղորդագրության՝ վերոնշյալ փաստաթղթերը դեսպանին էր տրամադրել Իտալիայի Կիետի քաղաքում գտնվող հոգևոր ճեմարանի վանական, դասախոս դոն Վինչենցո Մասոլոն։ Շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նշել է, որ փաստաթղթերը ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից կուսումնասիրվեն և կհրապարակվեն:
Դեսպան Համբարձումյանի խոսքով՝ արխիվային նյութերը հիմնականում իտալերեն փաստաթղթեր են, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Համիդյան ջարդերին ականատես, ծագումով իտալացի ֆրանցիսկյան վանական Սալվատորե Լիլլիին, ով 1982թ. Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապի կողմից դասվել է երանելիների շարքին:
Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանն իր խոսքում նշել է, որ հայր Սալվատորե Լիլլին, ով հայերի և, ընդհանրապես, քրիստոնյաների հանդեպ 1894-1895 թվականների ընթացքում Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդի կառավարման շրջանում իրականացված հետապնդումների և ջարդերի մասին շատ հետաքրքիր վկայություններ է թողել, սպանվել է յոթ հայ ուղեկիցների հետ միասին Օսմանյան զինվորների կողմից՝ 1895թ․ նոյեմբերի 19-ին:
Խաչատրյանը հավելել է, որ իտալահայ հեղինակներ Սիրանուշ Կուարանտայի և Կարլո Կոպպոլայի հետ համատեղ պատրաստվում են գիրք հրապարակել այս արխիվի ուսումնասիրության հիման վրա: