Փաստաբաններ Արման Թաթոյանը, Գառնիկ Քերքոնյանը և Գարո Ղազարյանը հայտնել են ՀՀ սահմանադրության մեջ Ադրբեջանի պահանջած փոփոխությունների մասին։ Նրանց տարարած հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական իշխանական «Baku TV» հեռուստատեսությամբ բացահայտվել են այդ պահանջները։
Ըստ այդ հաղորդման՝ ՀՀ սահմանադրության մեջ պետք է կատարել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչվող 2 փոփոխություն։ Առաջինն «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովումն է՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ։ Հայստանում պետք է տեղակայվեն զինված ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վստահություն։ Երկրորդ պահանջն «արևմտյան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթության իրավունքի ապահովումն է։
Փաստաբաները նշել են, որ ըստ ադրբեջանական իշխանական տարբեր աղբյուրների՝ «վերաբնակեցման» ենթակաների թիվը 300 000 է: Նրանք շեշտել են, որ ադրբեջանական իշխանության խաղաղասիրությունը կեղծ է, իրականում՝ մարդասիրական քողի ներքո տարվում է Հայաստանն օկուպացնելու քաղաքականություն։
Փաստաբանները հիշեցրել են, որ այս քաղաքականությունն է վարվել Արցախի նկատմամբ. սկզբում էթնիկ զտումների իրական նպատակով Արցախի մեկուսացումն էր «էկոակտիվիստներով», հետո ադրբեջանական անցակետի տեղադրումը և Արցախ տանող ճանապարհների ամբողջական արգելափակումը, իսկ դրանից հետո զինված հարձակումներն Արցախի վրա։
Հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնել էր Բաքվի ներկայացրած պահանջը «Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության» մասին և այն անվանել խաղաղության «գլխավոր պայման»։
Փետրվարի 19-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանից պահանջել էր փոխել Սահմանադրությունն ու ՀՀ սահմանադրությունից և օրենսդրությունից բացառել «Ադրբեջանի ինքնիշխանության դեմ» դրույթները։
Հունիսի 6-ին Ալիևը բացառել էր Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության։ Ըստ Ալիևի՝ «եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումն ուղղակի անհնար կդառնա»։
Հունիսի 7-ին Հայաստանի արտգործնախարարությունը Բաքվին մեղադրել էր իր ներքին գործերին միջամտելու մեջ՝ Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջի պատճառով։