USAID-ը 5 մլն դոլար կտրամադրի ՀՀ կառավարության և Amazon Web Service-ի միջև համագործակցությունը զարգացնելու համար, հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը։
«Ես շատ ուրախ եմ այսօր հայտարարել, որ 5 միլիոն դոլարի նոր ֆինանսավորում է տրամադրվելու Amazon Web Service-ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցությունը զարգացնելու համար՝ նպատակ ունենալով նպաստել և առաջ մղել թվային վերափոխումը, ենթակառուցվածքը և ամպային ծառայությունները»,- հայտարարել է նա։
Փաուերի խոսքով՝ Amazon Web Service-ը Հայաստանին կօգնի արագորեն զարգացնել և թվայնացնել իր համակարգերը։ Այն նաև կտրամադրի կարևոր վերապատրաստման ծառայություններ ամպային հաշվարկների, կիբեռանվտանգության ոլորտներում, ինչպես նաև կօգնի Հայաստանին կառուցել իր ինքնիշխանությունը և պաշտպանել նրանցից, ովքեր կցանկանան վնաս հասցնել։
«Այս համագործակցությունը կօգնի ՀՀ քաղաքացիների տրամադրել հուսալի տեղեկատվություն, ինչպես նաև կառավարության համար հիմք կստեղծի ճշգրիտ տեղեկատվությունը ծառայեցնել սեփական քաղաքացիների շահերին»,- նշել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ այս նախաձեռնությունը միջազգային գործարար համայնքի կողմից կարող է ավելի շատ հետաքրքրություն բերել դեպի Հայաստան։
«Ամենայն հավանականությամբ՝ կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Այս ամենն արվում է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ Հայաստանին արդյունավետ և երկարատև ժողովրդավարություն կառուցելու հարցում օգնելու նպատակով»,- եզրափակել է Փաուերը։