ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի մասնակցությամբ Իսակովի պողոտային և «Եռաբլուրին» կից հողամասեր են օտարվել, պետությանը պատճառվել է շուրջ 6 մլրդ դրամի վնաս, հայտնում է Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով մանրամասները։
Նշվում է, որ 2005-2008 թթ. ընթացքում ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը կարգադրել է ՊՆ կողմից տրված լիազորագրերի հիման վրա նոտարական վավերացման ներկայացնել նախարարությանը պատկանող «Եռաբլուր» կոչվող բլուրներին, Ծովակալ Իսակովի պողոտային, ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը հարակից տարածքներում գտնվող տարբեր մակերեսներով, բնակավայրերի նպատակային նշանակության, հանգստի գոտու և քաղաքային այգու հիմնադրման, գիտարտադրական կայանի կառուցման համար օգտագործման նպատակային նշանակությամբ 17 հողատարածք՝ ՀՀ ՊՆ մի շարք պաշտոնատար անձանց հանցակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարների հանձնարարությամբ, պետական մարմնում բարձր պաշտոն զբաղեցրած տարբեր անձանց հետ փոխկապակցված ՍՊԸ–ի, ՓԲԸ–ի, ՀՀ ՊՆ բարձրաստիճան զինվորականների, տարբեր ֆիզիկական անձանց օտարելու վերաբերյալ առուվաճառքի պայմանագրերի նախագիծը:
«Անշարժ գույքերը, ձեռք բերման գնից անհամեմատ թանկ գներով, օտարել են այլ անձանց։ Պետությանը՝ ի դեմս ՀՀ ՊՆ-ի, պատճառվել է 5.913.147.300 դրամի վնաս։ Նույն պաշտոնատար անձը ՀՀ ՊՆ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող հողամասերը շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով ձեռք բերելու նպատակով դիմել է Պաշտպանության նախարարին ու ստացել վերջինիս համաձայնությունը»,- հայտնում է կոմիտեն:
Ըստ ՔԿ-ի՝ առուվաճառքի պայմանագրերը ներկայացվել են նոտարական վավերացման, կնքվել է անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր, որոնցով 217.160.000 դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասն ընդամենը 51.176.000 դրամով, իսկ մյուս՝ 304.260.000 դրամ արժեքով հողամասն ընդամենը 79.800.000 դրամով ուղղակի վաճառքով փաստացի վաճառվել են նույն պաշտոնատար անձին՝ որպես սեփականություն՝ ձևական գրանցվելով վերջինիս ազգականի անվամբ։ Արդյունքում՝ պետությանն անզգուշությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր ավելի քան 390 մլն. դրամի վնաս:
Նշված արարքները կատարելու համար նշված նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել։ Քրեական վարույթի՝ վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությունը հաստատելու, դատարան հանձնելու նպատակով ուղարկվել է վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար պաշտոնատար անձի գույքը արգելադրվել է։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 23-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...