«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում՝ մոտ ժամանակներս, իրանական SNN-ին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Դեսպանն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության օրակարգին՝ նշելով, որ Թեհրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը, երկրների միջև ընթացող բանակցություններին, դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:
Դիվանագետը նաև մատնանշել է իրանական կողմի համար Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգության կարևորությունը։
«Սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի ապահովման գործում։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը նպաստել է սահմանային հաղորդակցության բարելավմանը»,- եզրափակել է նա։
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։ Հոկտեմբերի 24-ին Թեհրանում կայացել էր Միրզոյան-Բայրամով հանդիպումը։