Հուլիսի 20-21-ը Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Փառատոնի շրջանակում Դիլիջանի քաղաքային այգում կներկայացվեն արհեստների և արվեստների տարբեր նմուշներ՝ ասեղնագործ, թաղիքից, փայտից ու մետաղից պատրաստված ինքնատիպ աշխատանքներ, գորգեր, կարպետներ, զարդեր, տիկնիկներ, խեցեղեն և այլն։
Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 արհեստագործ վարպետներ Հայաստանից և արտերկրից։
«Փառատոնը Հայաստանի համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանը, արհեստագործության և արվեստների տեղի ու դերի արժևորմանը, հասարակության մասնակցայնության բարձրացմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության խթանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ելույթ կունենան պարի խմբեր և լարախաղացներ, կիրականացվեն ծրագրեր երեխաների համար, մասնավորապես Տերյան մշակութային կենտրոնը հանդես կգա հայկական տարազների ցուցադրությամբ։ Նախատեսվում է նաև ստվերների թատրոնի ներկայացում, դասախոսություններ, ֆիլմի դիտում՝ նվիրված մշակութային ժառանգության ոլորտում ներդրում ունեցած գործիչներին, ինչպես նաև ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես։
Արհեստների միջազգային առաջին փառատոնն անցկացվել է 2022 թվականին Գյումրիում։