Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցել Բաքվում նոյեմբերին նախատեսվող COP29 կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի գագաթնաժողովին, հայտնել է The National-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմիթ Հաջիևին։
Հաջիևը լրագրողներին հայտնել է, որ Երևանին հրավեր են ուղարկել:
«Հրավերն ուղարկվել է խաղաղ գործընթացի ֆոնին, որի նպատակն է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը»,- ասել է նա։
Հաջիևը հրավերն Ադրբեջանի «բարի կաքի դրսևորում» է որակել։ Ադրբեջանցի պաշտոնյան տեղեկացրել է, որ ՀՀ ԱԳՆ-ին նամակն ուղարկել է COP29-ի նախագահ Մուխթար Բաբաևը։
«Այժմ Հայաստանի կառավարության որոշում ընդունելու ժամանակն է»,- եզրափակել է Հաջիևը:
Հունիսի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն «Արմենպրեսին» մեկնաբանել էր COP29-ին վարչապետի մասնակցության մասին սոցցանցերում տարածված լուրը։ Փաշինյանի՝ խորհրդաժողովին մասնակցելու նշանակման մասին X-ում գրել էր ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուն։ Բաղդասարյանը նշել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ The Guardian-ն ավելի ուշ կանխատեսել էր կլիմայի ակտիվիստների դժգոհությունն Ադրբեջանում կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման կապակցությամբ։ Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ՝ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։