Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությանը, հաղորդում է խորհրդի մամուլի ծառայությունը:
«Հայաստանի քաղաքացիների համար վիզային պարտավորությունների չեղարկման հնարավորությունը կդիտարկվի միայն հսկիչ ցուցանիշների ամբողջական կատարման դեպքում»,- ընդգծել է ԵՄ Խորհուրդը։
ԵՄ օրենսդիր մարմինը ողջունել է նաև Եվրահանձնաժողովի առաջարկը, որով խորհուրդը և կազմակերպության անդամ պետություններն ամբողջությամբ կներգրավվեն երկխոսության բոլոր փուլերում ՝ ներառյալ ստուգիչ ցուցանիշների սահմանումը և գնահատումը:
Հուլիսի 22-ին ԵՄ խորհուրդը հաստատել էր Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում ՀՀ-ի զինված ուժերին 10 մլն դոլարի աջակցություն տրամադրելու ծրագիրը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ԵՄ խորհուրդը նաև վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ է որոշում կայացրել։
Հուլիսի 17-ի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը գրել էր, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու և Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22֊ի նիստի օրակարգում։
Ավելի վաղ «Ազատությունը» հայտնել էր, որ Եվրամիությունը ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը։