Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Պաշտպանության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին նախագահ Սուրեն Պապիկյանին 100 հազար դրամով՝ կուսակցության 2022 թվականի ֆինանսական միջոցներից շուրջ 11 միլիոն դրամի կանխիկ գործարքներ իրականացնելու համար, հայտնում են հանձնաժողովից։
Որոշման մեջ նշվում է, որ 2024թ․ ապրիլի 8-ին հանձնաժողովին է ներկայացվել 2022թ․ կուսակցության բոլոր բանկային հաշիվների քաղվածքները։ Հանձնաժողովի աուդիտորական եզրակացության համաձայն՝ նշված ժամկետում կուսակցության հաշիվներից իրականացվել է 11,387,000 դրամ կանխիկ գործարք, ինչը հակասում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին՝ համաձայն որի կուսակցությունը բոլոր դրամական վճարումները կատարում է անկանխիկ։