Կոնֆեդերացիաների լիգայի խաղարկության «Նոա»-«Ռուժոմբերոկ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումը պայմանավորված է ստադիոնին էլեկտրաէներգիա մատակարարող ենթակայանում տեղի ունեցած վթարով, Armena Today-ին հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
ՀԷՑ-ն ընդգծել է, որ հիշյալ ենթակայանը գտնվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվեկշռում, շահագործում և սպասարկում է ֆեդերացիայի անձնակազմը։
«Չնայած այն հանգամանքին, որ հոսանքազրկումը դուրս է «ՀԷՑ» ՓԲԸ պատասխանատվության գոտուց, ընկերության անձնակազմի աջակցությամբ ժամը 21:45-ին մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է»,- ասված է հաղորդագրությունում։
Աբովյանի մարզադաշտը հոսանքազրկվել էր 21:30-ի սահմաններում: «Նոան» սեփական հարկի տակ հաղթել էր 3։0 հաշվով։