ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե որ դեպքերում ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզա ստանալուց հետո կարող են արգելել մուտք գործել ԵՄ։ Նախարարությունը պարզաբանել է, որ հարցեր է ստանում քաղաքացիներից, ովքեր շենգենյան վիզա ստանալուց հետո չեն կարողացել մուտք գործել ԵՄ երկիր։
Ըստ գերատեսչության՝ մերժման պատճառ է հանդիսացել այն, որ քաղաքացիները մուտքի արտոնագրի դիմումի ձևը լրացնելիս նշում են մեկ երկիր, սակայն վիզան ստանալուց հետո փոխում են ուղևորության ժամանակացույցը կամ երկիրը։
«Շենգենյան վիզա ստանալու ժամանակ՝ դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացվում է բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը (ուղղությունը, ծրագիրը) կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում է։ Այցելության նպատակի նմանատիպ փոփոխությունը հիմք է տալիս տվյալ երկրի իրավասու մարմիններին արգելել մուտքը, քանի որ դա գնահատվում է որպես այցելության հայտարարված և իրական նպատակի կամ պայմանների անհամապատասխանություն»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հորդորել է ՀՀ քաղաքացիներին հայտերը լրանելիս նշել ուղևորության հիմնական երկիրը, որտեղ ավելի երկար է քաղաքացին նախատեսում մնալ։
«Կարևոր է հիշել, որ վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել Շենգենյան գոտու այն երկրի դեսպանությանը, որտեղ նախատեսվում է այցելությունը, իսկ մի քանի երկիր այցելելու դեպքում՝ հիմնական (առավել երկար ժամկետով) այցելության երկրի դեսպանությանը»,- նշում են ԱԳՆ-ից։
Նախարարությունից տեղեկացրել են, որ ճանապարհորդելիս պետք է հաշվի առնել, որ շենգենյան վիզա ստանալուց հետո՝ այցելության նպատակի, երկրի, ժամկետների և ճանապարհորդության պայմանների ցանկացած անհամապատասխանություն կամ հետագա չհիմնավորված փոփոխություն կարող է հանգեցնել մուտքը տվյալ երկիր արգելելուն և տրված վիզան չեղարկելուն ինչպես սահմանին, այնպես էլ նախքան մեկնումը։
Քաղաքացիներին գերատեսչությունը խորհուրդ է տալիս նախապես ուսումնասիրել ԵՄ պետության միգրացիոն կանոնները, որտեղ քաղաքացիները պատրաստվում են մեկնել և տվյալ երկրի մասին տեղեկություն ստանալ միայն պաշտոնական աղբյուրներից։