Պետական եկամուտների կոմիտեում, Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում՝ ծրագրի ՊԵԿ պատասխանատուների և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու ծրագրի իրականացման գրասենյակի ներկայացուցիչների միջև, որին մասնակցել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի թիմի անդամները, հայտնում են ՊԵԿ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը։ Ներկայացվել են ծրագրի շրջանակում արձանագրված նշանակալի ձեռքբերումները և առաջիկա քայլերը՝ վերահաստատելով արդյունավետ համագործակցությունը շարունակելու կողմերի պատրաստակամությունը։
Հանդիպմանը հաջորդել է աշխատանքային այց Մեղրիի սահմանային անցակետ՝ ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները և առաջընթացը գնահատելու, ինչպես նաև շինհրապարակում կատարվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով։
Ըստ գերատեսչության՝ անցկացվել են հանդիպումներ նաև կապալառուի, վերահսկող ինժեներ ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ քննարկելու ընթացիկ խնդիրները, հետագա անելիքներն ու քայլերը։ Ավարտին բոլոր կողմերը վերահաստատել են Մեղրիի սահմանային անցակետի հաջող արդիականացման հանձնառությունը:
Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում կկառուցվի միջազգային չափանիշներին համահունչ ժամանակակից անցակետ, հայտնում են կոմիտեից։
2023թ․ հունվարի 27-ին հայտնել էինք, որ Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի։ ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել էր շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495 հազար եվրո արժեքով: