Սեպտեմբերի 24-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման արարողությունը։ Մատուցվեց նաև հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ արցախյան 4 պատերազմներում նահատակված հայորդիների, 2023 թվականին Ստեփանակերտի բենզինի պայթյունից զոհվածների հիշատակին։
Հուշակոթողի հիմքի օծման արարողությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, զոհված զինծառայողների ծնողները, Արցախի պետական, հասարակական գործիչներ։
Հուշակոթողը նվիրված է արցախյան 4 պատերազմներում նահատակված հերոսների և 2023-ին Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից զոհվածների հիշատակին։
Լրագրող Հունան Թադևոսյանը, որը վարում էր արարողությունը, հայտնել է, որ հուշակոթողը կառուցման ֆինանսավորողը չի ցանկացել հրապարակել իր անունը։
«Հուշակոթողը նախագծել են արցախցի ճարտարապետներ, հայր և որդի Վլադիմիր ու Միքայել Սարգսյանները։ Շինարարությունը կհամակարգի Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը, հուշակոթողը կբացվի կարճ ժամկետում»,- ասել է Թադևոսյանը։
Միքայել Սարգսյանը պատմել է, որ հուշակոթողը 6 մետր բարձրություն է ունենալու։
««Արցախի կանչը» հուշակոթողը 500 քառակուսի մետր տարածք է զբաղեցնելու։ Այն ունենալու է բաց խորան, որտեղ բրոնզե տառերով գրված է լինելու «Արցախի կանչ»։ Հուշակոթողը նաև մոմավառության, խնկարկության տարածք է ունենալու։ Մեր զոհերի, Արցախում թողած շիրիմների հիշատակը հավերժացնող այս կոթողը սրբատեղի է դառնալու»,- նշել է ճարտարապետը։
Արցախի թեմի առաջնորդը շեշտել է, որ «Արցախի կանչը» հոգևոր ու նյութական կամուրջ է դառնալու։
«Հուշակոթողը նյութական և հոգևոր կամուրջ է դառնալու անցյալի ու ապագայի միջև։ Երբ մարդը լացում է, աչքերից արցունքները տեսանելի են, բայց երբ սիրտն է լացում, դա կարելի է միայն զգալ։ Մեր զգացողությունները մեզ 1988-ի արցախյան շարժում են տանում, որի արդյունքում մենք լուսավոր, հաղթանակած ու պայծառ Արցախ տեսանք։ Բայց ինչպես Սուրբ Գիրքն է ասում՝ միշտ չէ, որ մենք հաղթանակի դափնեպսակին ենք արժանանում։ Նաև մեր պատիվը նսեմացնող փշե պսակին ենք արժանանում։ Պետք է այնպես անենք, որ այդ փշե պսակը հեռանա մեզնից ու վերադառնա հաղթանակի դափնեպսակը»,- ասել է սրբազանը։
2016-ի քառօրյա պատերազմում և 2020-ի 44-օրյա պատերազմում երկու որդիներին՝ Նորայր և Երվանդ Հաջյաններին կորցրած մտավորական, լրագրող Միքայել Հաջյանը միասնականության կոչ է արել։
«Ես դիմում եմ մեր բոլոր այն քաջորդիներին, որոնք մնացել են Արցախում։ Դիմում եմ նրանց, որոնց հոգիները սավառնում են Ստեփանակերտում՝ սպասումով լի, որ մի օր բոլորս վերադառնալու ենք Արցախ։ Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենի հողին, նրանց գերեզմաններին, արցախյան բոլոր քաղաքակրթական արժեքներին։ Տղե՛րք ջան, մենք ձեզ հետ ենք, մենք վերադառնալու ենք։ Արցախ վերադարձը ոչ թե երազանք, այլ նպատակ է։ Մենք միասնաբար կարող ենք տեր կանգնել մեր գլխավոր նպատակին՝ Արցախի ազատագրմանը, մեր արժանապատիվ վերադարձին Արցախ»,- ընդգծել է Հաջյանը։
2023 թվականին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը, պատմել է, որ արդեն 1 տարի է տեսնում է, թե ինչպես են բազմաթիվ արցախցիներ գալիս «Եռաբլուր», թեպետ իրենց որդիներն ու հարազատները Երևանում շիրմաքար չունեն։
«Գալիս են մեր բոլոր տղաների մոտ, խունկ են ծխում, թարմ ծաղիկներ դնում մեր որդիների շիրիմներին՝ այդպես սգալով իրենցորդիների, եղբայրների ու ամուսինների կորուստը։ Մի օր 2 կին որդուս շիրիմին ծաղիկներ էին դնում։ Նրանց որդիները զոհվել էին 2020-ին, շիրիմները մնացել էին Արցախում։ Ինձ գրկեցին ու ասացին՝ երանի ձեզ, որ լաց լինելու, ծաղիկ դնելու ու խունկ ծխելու տեղ ունեք»,- եզրափակեց Ավետիսյանը։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել էին 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք էին հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Աննա Բադալյան