«Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժումն իր հաջորդ հանրահավաքը կանցկացնի հոկտեմբերի 9-ին՝ Գլխավոր դատախազության շենքի մոտ, ասել է շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Այսօր ավելի վաղ շարժման համակիրները բողոքի ակցիա էին անցկացրել Սահմանադրական դատարանի շենքի դիմաց։ Հանրահավաքի ընթացքում մասնակիցները կարճ ժամանակով փակել էին Բաղրամյան պողոտայի մի հատվածը, դատարանի շենքի հարակից մայթին կավիճով գրել՝ «դատավո՞ր, թե՞ ծառա»։
Հոկտեմբերի 6-ի երեկոյան Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Գալստանյանը սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգման վերաբերյալ ՍԴ որոշումն անվանել էր «մեծ ական՝ մեր պետականության հիմքերի տակ» և կոչ արել երթով շարժվել դեպի դատարանի շենք։
Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի վերջին հաստատել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Ավելի ուշ Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել էր որոշման ամբողջական տեքստը, որում դատարանը մեկնաբանել էր այն հարցը, թե արդյոք Հայաստանի Անկախության հռչակագրի որոշ դրույթներ սահմանադրական ուժ ունեն։ Դատարանն ասել էր, որ նման ճանաչումն սպառնում է «սահմանադրական երկիշխանությանը»: