Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի վնասը գերազանցում է 800 մլն դրամը, Armenia Today-ին հայտնել է «Դոմուս» ՓԲԸ տնօրեն Մհեր Միրզախանյանը։
«Վնասի չափը շատ է։ Մասնագետներն աշխատում են, որպեսզի ավելի հստակ չափը տան, բայց խոսքը կարող է գնալ 800 և ավելի մլն դրամի մասին, դա միայն ապրանքի մասին է խոսքը»,- ասել է նա։
Խոսելով հրդեհի բռնկման պատճառի մասին, տնօրենը նշել է, որ տարբեր վարկածներ կան, ավելի հստակ մասնագետները կարող են ասել։ Նրա խոսքով՝ հակահրդեհային համակարգն աշխատել է։
«Վարկած կա, որ հոսանքից է բռնկվել, բայց հիմնավոր է թե չէ, չեմ կարող ասել։ Պետք է փորձաքննություն կատարվի հրդեհի բռնկման աղբյուրը պարզելու համար։ Դեպքի մասին տեղեկացրել է խանութի ղեկավարը, փորձել են ինքնուրույն հանգցնել կրակմարիչով, չի ստացվել, նոր ահազանգել են ԱԻՆ։ Աշխատել է նաև ծխի հակաազդանշանային նշանը, որի միջոցով մեր պաշտոնյան տեղեկացել է, որ խնդիր կա»,- մանրամասնել է նա։
Անդրադառնալով փոխհատուցման մասին հարցին, տնօրենը շեշտել է, որ այն կախված է հրդեհի պատճառից։
Միրզախանյանը հայտնել է, որ խանութը վարձակալված է 2024թ․ մարտից և այդ ընթացքում ոչ մի ստուգում չի անցել, «որևէ ակտի կարիք էլ չի եղել»։
ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը հայտնել էր, որ հրդեհի նախնական պատճառը կարող էր լինել հոսանքազրկումը։
Նա նշել է, որ կնքվել է վարձակալության պայմանագիր, որի հիման վրա վարձակալության վկայական են ստացել ու շահագործել։ «Ոչ մի անօրինական բան չենք արել ու վարձակալության պայմանագրին համապատասխան շահագործել ենք տարածքը, գույքը»,- ավելացրել է նա։
Տնօրենը նաև հավելել է, որ աշխատողները և հաճախորդները չեն տուժել, մի քանի աշխատակից թեթև ծխահարվել է։
«Աշխատողները շատ օպերատիվ, տարհանման սխեմային համապատասխան են գործել։ Բնականաբար հաճախորդներ էլ են եղել խանութում, ոչ մեկին ոչ մի բան չի եղել։ Թեթև ծխահարվել են մի քանի աշխատակիցներ, շտապօգնությունը օգնություն է ցույց տվել, բոլորը ողջ-առողջ են»,- ասել է Միրզախանյանը։
Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից Armenia Today-ին հայտնել էին, որ «Դոմուս» խանութը տեսչական մարմնից ավարտական ակտ չի ունեցել։
«Շինությունն ավարտական ակտ չունի՝ նախկինում կառուցված լինելու և պետական գրանցում ստանալու հիմքով», – ասաց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը։
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։23-ին։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։