Գլխավոր դատախազության շենքի մոտ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի և նրա համախոհների հանրահավաքի ժամանակ ցուցարարներն ընդհարվել են ոստիկանների հետ այն բանից հետո, երբ նրանցից մեկը բերել է Նիկոլ Փաշինյանի խրտվիլակը։ Armenia Today-ն ակցիան ուղիղ եթերով հեռարձակել է իր YouTube-յան ալիքով:
Մասնակիցներից մեկն իր հետ բերել է Փաշինյանի խրտվիլակը՝ դատապարտյալի հագուստով։ Ոստիկանության աշխատակիցները, ուժի կիրառմամբ, խլել են խրտվիլակը՝ վուվուզելների ու «ամոթ» վանկարկող ցուցարարների ձայնի տակ։
Գալստանյանն ասել է, որ ոստիկանությունը միջամտում է բողոքի ակցիային և բռնություն գործադրում դրա մասնակիցների նկատմամբ։
Ցուցարարները նաև օդ են նետել մետաղադրամներ՝ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիմանկարներով, որոնց վրա գրված էր՝ «հանցագործության գործընկերներ»։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն Armenia Today-ին հայտնել է, որ բերման ենթարկվածներ չկան։
Ցուցարարները նաև պաստառներ են պահել ձեռքերում 2023 թվականի սեպտեմբերից Բաքվում ձերբակալված և ապօրինի կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների լուսանկարներով։
Հոկտեմբերի 6-ի երեկոյան Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Գալստանյանը շարժման աջակիցների հետ երթ էր իրականացրել դեպի Սահմանադրական դատարանի շենք։