Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը և ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանումներ են պահանջել իրավասու պետական մարմիններից։ ԿԳՄՍՆ-ն դիմել է ուժային կառույցներին՝ ձերբակալության հանգամանքները պարզելու խնդրանքով, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարել երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը և գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:
ՄԻՊ-ը հայտարարել է, որ իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը:
«Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը պաշտպանի ուշադրության կենտրոնում են»,- հայտնել է ՄԻՊ-ը։
Ավելի վաղ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնել էր, որ դատարանը ձերբակալել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշխատակցին՝ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ իրականացնելու կասկածանքով։
Ավելի ուշ համացանցում տարածվել էր ենթադրյալ ձերբակալության տեսանյութը, որտեղ դպրոցի աշխատակիցն աշակերտների ներկայությամբ իրավապահների կողմից բերման է ենթարկվում։