Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի զինված ուժերի վերափոխման և բարեփոխումների գործընթացին, հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունը՝ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ հանդիպմանը, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ասրյանի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Նրանք հայտարարել են, որ պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը հաջողությամբ զարգանում է։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու համատեղ միջոցառումներին վերաբերող հարցեր, ասված է հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության՝ Ասրյանը մասնակցել է հոկտեմբերի 13-16-ը կայացած ԱՄՆ բանակի սպառազինության ասոցիացիայի ցուցահանդեսին։