Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արևմտյան երկրներին մեղադրել է Հայաստանին նոր պատերազմի դրդելու մեջ։ Նա այս մասին հայտարարել է Հաղթանակի օրվա կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում, փոխանցել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հակաադրբեջանական ուժերը, որոնք չեն ցանկանում համակերպվել այս իրավիճակի հետ, իսլամատյացները, արևմտյան որոշ մայրաքաղաքներում նստած ադրբեջանաֆոբներն այսօր Հայաստանին նոր պատերազմի են հրահրում»,- նշել է նա։
Ըստ Ալիևի՝ այդ երկրները ցանկանում են Հայաստանը դարձնել «խաղաղության աղավնի՝ իբր երեսուն տարվա օկուպացիա չի եղել, ավերածություններ չի եղել, դաժանություն չի եղել, Խոջալուում ցեղասպանություն չի եղել»։
Ալիևը հավելել է, որ իրենց «հակաահաբեկչական օպերացիան ոչ միայն Հայաստանի պարտությունն է, այլև դառը ու նվաստացուցիչ պարտությունն է նրա թիկունքում կանգնածների համար»։