Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև տեղի ունեցավ «Դադարեցրե՛ք կանաչ ցեղասպանությունը» (Stop Greenwashing Genocide!) ցույցը էկոակտիվիստ Գրետա Թունբերգի մասնակցությամբ՝ ընդդեմ Ադրբեջանում նոյեմբերի 11-ին մեկնարկած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովի։
Կազմակերպիչները դատապարտել են ՄԱԿ-ի որոշումն Ադրբեջանում համաժողովի անցկացման մասին՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, ավտորիտար քաղաքականությունն ու հայատյաց հռետորաբանությունը։
Ցուցարարները «Մեղավոր է էթնիկ զտումների մեջ», «Մեղավոր է քաղաքական բռնաճնշումների մեջ» գրություններով պաստառներ էին պահել։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ Ադրբեջանում COP29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալում է, որովհետև ցեղասպանություն իրականացրած և 150 հազար արցախցու էթնիկ զտման ենթարկած պետությունը չի կարող այդպիսի համաժողով անցկացնել։
«21-րդ դարում մարդիկ իրագործել են հանցագործություններ, որոնք իրագործում էին 16-րդ դարի նախնադարյան մարդիկ։ Ադրբեջանը, որը թաթախված է նավթի մեջ, չի կարող խոսել էկոլոգիայից։ Տարածքային ամբողջականության տակ, Ադրբեջանն ուղղակի որոշել է տիրանալ Արցախի բնությանը»,- ասել է Հադրութից բռնի տեղահանված մի արցախցի կին։
Նրա խոսքով՝ արցախցիների տներում ապրում են տեռորիստներ։ Սպանելով հայ կանանց և երեխաներին՝ Ադրբեջանն ուզում է աշխարհի աչքերը փակել և աշխարհին ապացուցել, որ ինքը կարող է ցիվիլ աշխարհի մաս լինել։
«Իրենց բակերում և տներում սպանել են 23 հոգու, որից 16-ը մինչ այսօր դեռ անհետ կորած են համարվում։ Սպանվածների շարքում 6 կանայք են, որոնք գլխատվել են, մասնատվել և գնդակահարվել»,- նշել է նա։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանի խոսքով՝ ՄԱԿ-ը չի կարողացել կանխել 120 000 արցախցիների ցեղասպանությունը, ինչը նշանակում է, որ ավելի մեծ ցեղասպանությունները կանխելն ուղղակի ի զորու չի լինի։
«Ես կարծում եմ, որ այս մարդիկ հանցակից են հետագայում տեղի ունեցած ցեղասպանությունը։ Ձեր մանդատներն անտեսված ու արհամարհված են։ Էլի լինելու են ցեղասպանություններ։ Եթե մտածում եք, որ այն ձեր դուռը չի հասնելու, չարաչար սխալվում եք։ Երբ դիկտատորը, ցեղասպանը չի պատժվոմ, դա ունենում է իր շարունակությունը»,- ասել է Կարապետյանը։
Թունբերգը հայ լրագրողների հետ ակցիայի ժամանակ խոսել է Ադրբեջանի բռնաճնշումների մասին, միջազգային հանրությանը կոչ արել այցելել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին։
«Ադրբեջանը բռնաճնշումներ է իրականացնում իր երկրի բնակչության նկատմամբ։ Այդ երկրի ղեկավարությունն էթնիկ զտումներ և ցեղասպան գործողություններ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ և շարունակում է ֆիզիկական, բնապահպանական և հոգեբանական բռնությունները։ Այժմ աշխարհն իր լռությամբ Ադրբեջանին COP 29-ի տեսքով հարթակ է տրամադրել, որն Ադրբեջանին թույլ կտա արդարացնել իր կողմից շրջակա միջավայրի աղտոտումը, մարդու իրավունքների խախտումները և ագրեսիան։ Մենք արդարության կողմնակից ենք բոլորի համար։ Միջազգային լրատվամիջոցներին և Բաքվի գագաթնաժողովի մասնակիցներին կոչ ենք անում այցելել հայ գերիներին և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը»,- ասել է Թուբերգը։
Նոյեմբերի 13-ին Թունբերգը ժամանել էր Հայաստան։ Նոյեմբերի 14-ին նա Երևանում մասնակցել էր Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների թեմայով քննարկմանը և հայտարարել, որ Ադրբեջանում COP29-ի անցկացումն ապտակ է աշխարհի դեմքին։
Նոյեմբերի 12-ին Թունբերգը Թբիլիսիում բողոքի ակցիա էր իրականացրել՝ ընդդեմ Բաքվում անցկացվող COP29-ի։
Թունբերգը բողոքի ակցիա իրականացնելու մտադրության մասին հայտարարել էր նոյեմբերի 11-ին։ The Guardian-ի հոդվածում նա երկրներին կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և հորդորել դիվանագիտական ջանքերով հասնել հայ պատանդների ու բոլոր գերիների ազատմանն ադրբեջանական բանտերից։
OP29-ը կանցկացվի մինչև նոյեմբերի 22-ը։