Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հաստատել է, որ հրաժարական է տվել պաշտոնից։ ՔԿ Facebook-յան էջում հրապարակված իր ուղերձում նա նշել է հրաժարականի պատճառը և ընդգծել, որ պաշտոնից իր որոշմամբ է հեռանում։
«Իմ կայացրած որոշումը բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։ ՔԿ նախագահի պաշտոնից հեռանում եմ նույնպիսի ներքին հպարտությամբ ու ներդաշնակությամբ, ինչպես ստանձնել եմ այն ու աշխատել։ Ի պաշտոնե հնարավոր ամեն ինչ արվել է՝ մեր պետության ներքին կենսունակությունն ու օրինահենությունը, իրավական անվտանգությունն ապահովելու համար, որպես հայ մարդ ու ՀՀ քաղաքացի՝ դա համարել եմ հոգու պարտք ու առաքելություն»,- նշել է Քյարամյանը։
Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ՔԿ ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար և նշել է, որ բարեփոխումները շարունակական են լինելու։
«Հայաստանում շարունակվող դատաիրավական, իրավապահ մարմինների բարեփոխումները, ՔԿ հետագա զարգացման ուղեցույցը լինելու են շարունակական։ Մենք ունենալու ենք մեր պատկերացրած նախաքննական մարմինը և մեր երազանքների կայուն, անվտանգ ու բարգավաճող հայրենիքը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է նա։
«Հրապարակ»-ը նոյեմբերի 17-ին հայտնել էր, որ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՆԳ նախարարին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։ 24News-ը գրել էր նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականի մասին։
Նոյեմբերի 18-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնել էր իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հակակոռուպցոն կոմիտեից Armenia Today-ին հաստատել էին, որ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Ավելի ուշ ՆԳՆ խոսնակ Նարեկ Խաչատրյանն Armenia Today-ին հայտնել էր ՆԳ նախարարի հրաժարականի մասին։
Նոյեմբերի 18-ին Փաշինյանը հաստատել էր, որ պաշտոնյաներն իր խնդրանքով են հրաժարական ներկայացրել։ Նա նշել էր, որ խնդրանքը ոչ թե անձնավորված է, այլ կապված է համակարգային խնդիրներով։
Նոյեմբերի 15-ին Փաշինյանը կառավարության նիստում դժգոհել էր իրավապահ համակարգի աշխատանքից։
«Ո՞վ ա ում ձեռ առնում՝ ուզում եմ հասկանամ, սրա վերջը էկելա, ուղիղ եմ ուզում ասեմ, որովհետև էլ բան չունեմ տալու, էն ինչ ինձնից ուզել եք՝ տվել եմ. չեմ միջամտել ոչ մի բանի, չեմ մտել որևէ մեկի գործի մեջ, բայց չեմ կարա ես։ Կներեք՝ ուրեմն թույլ ա ուժային կառույցը»,- մասնավորապես ասել էր Փաշինյանը։