Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Քննչական կոմիտեի ղեկավարներ Արգիշտի Քյարամյանի, ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականի մասին։ Համապատասխան որոշումները տեղադրված են e-gov.am կայքում։
Քյարամյանը, Խաչատրյանը և Բադասյանը նոյեմբերի 18-ին հրաժարականի դիմումներ էին գրել՝ չնշելով իրենց հրաժարականի պատճառները։ Նրանց հետ նույն օրն աշխատանքից ազատման դիմումներ էին գրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՆԳՆ ղեկավար Վահե Ղազարյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։
«Ո՞վ է ում ձեռք առնում՝ ուզում եմ հասկանալ, այս ամենի վերջը եկել է, ուղիղ ասում եմ, որովհետև էլ բան չունեմ տալու։ Այն, ինչ ինձանից ուզել եք, տվել եմ. չեմ միջամտել, չեմ մտել որևէ մեկի գործի մեջ։ Ստացվում է՝ ուժային կառույցները թույլ են»,- ասել էր Փաշինյանը։
Փաշինյանը նոյեմբերի 18-ին հաստատել էր, որ պաշտոնյաներն իր խնդրանքով են հրաժարական ներկայացրել։ Նա նշել էր, որ խնդրանքը ոչ թե անձնավորված է, այլ կապված է համակարգային խնդիրներով։