«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը և վայր դնել պատգամավորական մանդատը, գրել է «Ժողովուրդ»-ը։
Թերթը հիշեցրել է, որ հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ Աղազարյանի վիճաբանությունից հետո Փաշինյանը որոշել է Աղազարյանին և ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանին զրկել մանդատներից։
Զեյնալյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը, իսկ Աղազարյանը հրաժարվել է՝ չնայած որոշումը միաձայն կայացվել էր ՔՊ վարչության նիստում։
«Աղազարյանը համառում է, ու մի բան էլ ինքն է վարչության անդամներին ճնշում, թե իրեն չեն կարող ստիպել մանդատը վայր դնել, այլ կարող են ընդամենը հորդորել: Ավելին՝ Աղազարյանն «ուլտիմատում» է դնում ՔՊ վերնախավի առաջ՝ պահանջելով հրապարակել որոշումը, որպեսզի «մտածի» մանդատը վայր դնելու մասին»,- գրել է թերթը:
Նոյեմբերի 21-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տևած հարցաքննությունից հետո քննիչներն առգրավել են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսը։