Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Ռուսաստանում։
«Անձամբ ես աննպատակահարմար եմ համարել ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում, քանի որ, ցավոք, ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար»,- ասել է նա։
Մեկնաբանելով այս որոշման և Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու հնարավոր կապը՝ վարչապետը նշել է, որ Երևանը ստատուտի վավերացման գործընթացում կապի մեջ էր ռուս գործընկերների հետ և նրանց առաջարկել է հարցի լուծումն այն մոդելի համաձայն, որը գոյություն ունի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։
«Միացյալ Նահանգների հետ ունենք երկկողմ համաձայնագիր, որն ընդգծում է Հռոմի ստատուտի շրջանակներում նրանց հետ մեր հարաբերությունների որոշակի առանձնահատկությունները։ Նման մեխանիզմ ենք առաջարկել Ռուսաստանի Դաշնությանը, սակայն Ռուսաստանը, այս կամ այն պատճառով, չի համաձայնվել»,- ասել է Փաշինյանը։
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտը, որը Հայաստանն ստորագրել էր դեռևս 1998 թվականին։ Երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 14-ին ստորագրել էր կանոնադրությունը վավերացնող օրենքը։