Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ՝ հայ ռազմագերիների խոշտանգումների և արտադատական սպանությունների պատճառով, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Human Rights First իրավապաշտպան կազմակերպության հաշվետվության ավագ տնօրեն Ադամ Կիտը։
Այսպես է նա պատասխանել սենատոր Քրիս Վան Հոլենի հարցին՝ հայերի դեմ կատարված հանցագործությունների պատճառով Բաքվի դեմ մարդու իրավունքների պատասխանատվության մասին «Մագնիտսկու գլոբալ ակտի» օգտագործման վերաբերյալ:
«Լեռնային Ղարաբաղի համատեքստում զինված հակամարտության հետ կապված որոշ գործողությունների վարչակազմը հնարավոր է չկարողանա անդրադառնալ մարդու իրավունքների մասին «Մագնիտսկու ակտի» համաձայն: Այնուամենայնիվ, այն դեպքերը, որոնք դուրս են այս համատեքստից՝ ներառյալ բանտարկյալների արտադատական մահապատիժները, խոշտանգումները կամ սեռական բռնությունները, կարող են համապատասխանել չափանիշներին և պատշաճ հիմք հանդիսանալ այս գործիքի կիրառման համար»,- ասել է Կիտը։
Սենատոր Վան Հոլենը հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա ռազմական հարձակումից հետո Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։ Human Rights First-ի ներկայացուցիչը նպատակահարմար է համարել այդ կապակցությամբ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն արդեն նման պատժամիջոցներ կիրառել է Ադրբեջանի ՆԳՆ պաշտոնյայի նկատմամբ՝ կալանավայրերում խոշտանգումների դեպքերով։ Որոշումն այնուհետև հիմնված էր 7031C վիզաների սահմանափակման ծրագրի վրա:
«Սերգեյ Մագնիտսկու օրենքի գերակայության և հաշվետվողականության ակտն» ընդունվել էր Կոնգրեսի կողմից 2012 թվականի դեկտեմբերին: Այն նախատեսում էր պատժամիջոցների կիրառում այլ պետությունների պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են իրենց երկրներում մարդու իրավունքների խախտման համար։ Սահմանափակումների ենթակա անձինք չեն կարողանա ստանալ ամերիկյան վիզա, ԱՄՆ-ում նրանց ունեցվածքը և բանկային հաշիվները, եթե այդպիսիք կան, սառեցվում են։
2020 թվականի պատերազմի սկզբից հարյուրավոր հայեր գերեվարվել էին, նախնական տվյալներով՝ նրանց թիվը գերազանցում էր 300-ը, որոնցից մոտ 210-ը վերադարձվել էին հայրենիք։
Բաքուն հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։ Այս թիվը ներառում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական անձանց: Տեղեկություններ կան նաև Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո 32 քաղաքացիների հարկադիր անհետացման մասին, ինչն Ադրբեջանը հերքում է։
Ըստ իրավապաշտպանների՝ Բաքվում հայ բանտարկյալները ենթարկվել են ֆիզիկական խոշտանգումների և հոգեբանական բռնության։ Միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերին ասել էր, որ ձերբակալվածներից մի քանիսին ադրբեջանցիներն ստիպել են իրենց համար գերեզման փորել, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեին։ Նա նաև նշել էր, որ նման գործոնների ազդեցության տակ գրանցվել էին ինքնասպանության փորձերի դեպքեր։ Նրա խոսքով՝ խոշտանգումների դեմ պայքարող ոչ մի միջազգային մեխանիզմ չի կարող այցելել Ադրբեջանում բանտարկյալներին։