Ադրբեջանի դատախազները Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար և գործարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր և հսկայածավալ փաթեթ են առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հաղորդել է Վարդանյանի պաշտպանական թիմը:
«Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 հոդվածների, շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25 հազար»,- հավելել են պաշտպանները։
Նրանք տեղեկացրել են, որ ադրբեջանական կողմը չի հստակեցրել, թե ի՞նչ «հիմքերով» են նոր մեղադրանքներ ներկայացրել։
«Ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են թե՛ Վարդանյանից, թե՛ հանրությունից՝ իբրև թե այս մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի ազգային անվտանգությանը։ Միևնույն ժամանակ՝ հրաժարվել են Վարդանյանին և նրա փաստաբանին տրամադրել «ապացույցների» պատճենները։ Նրանց թույլատրվում է նյութերին ծանոթանալ առանց պատշաճ թարգմանության։ Վարդանյանն ու նրա փաստաբանը ծայրահեղ կերպով սահմանափակված են իրենց իրավունքներում, այդ թվում՝ դատավարության ժամանակ պաշտպանության պատրաստ լինելու իմաստով»,- ընդգծել են պաշտպանները։
Վարդանյանների ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը մեղադրանքներն Ադրբեջանի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կոպտագույն խախտում է անվանել։
«Մեղադրանքների այդ երկար շարանն ակնհայտ ցինիկ փորձ է Վարդանյանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչն ադրբեջանական ռեժիմն արել է Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանի` այսպես կոչված ապացույցները հանրային դարձնելու և դրանց ծանոթանալու մերժումը վերահաստատում են, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն։ Հստակորեն ծրագրված է, որպեսզի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարողանա արդարացնել գաղտնի դատավարության անցկացումը, որը կլինի ո՛չ անկախ, ո՛չ էլ անաչառ»,- շեշտել է Գենսերը։
Վարդանյանի ընտանիքն աշխարհին կոչ է արել ցույց տալ, որ նման աղաղակող խախտումներն այլևս չեն կարող հանդուրժելի լինել։ Նրա ընտանիքը կոչ է արել ձեռնարկել քայլեր, որ միջազգային կազմակերպություններն ու լրատվամիջոցները ներկա լինեն դատավարությանը։
«Հորս դեմ ներկայացված այս վերջին մեղադրանքներն արդարադատության ծաղր են և հատուցում՝ СOP29-ի ձախողումների համար»,- ասել է Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։
Արցախի նախկին պետնախարարին Ադրբեջանը ձերբակալել էր 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի անցակետում։
Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը 2024-ի հունիսի 13-ին հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։
Հոկտեմբերի 18-ին դատարանը երկարացրել էր Վարդանյանի կալանքի ժամկետը։ Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր Արցախի ղեկավարների գործի նյութերը դատարան փոխանցելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Բաքուն հայտնել էր Ադրբեջանում ձերբակալված արցախցի առաջնորդների դեմ նոր մեղադրանքի մասին։