ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին ու ազգականներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը և չնչին խախտումներ հայտնաբերելու դեպքում գործեր հարուցել, գրել է «Հրապարակ օրաթրերթը։
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, մեկ տարի պաշտոնավարելուց հետո Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից ազատվել է Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը։
Օրաերթի տվյալներով՝ Աղազարյանին ՔՊ-ից հեռացնելու հաջորդ օրը նախարար Գևորգ Պապոյանը նրան ասել է՝ ճիշտ կլինի, որ հեռանա:
«Չնայած մտերիմները Հովսեփ Աղազարյանին խորհուրդ են տվել դիմում չգրել, որ հետագայում դատարանում պայքարի իր խախտված իրավունքների համար փոխհատուցում ստանա, սակայն նա նույն օրը դիմումը դրել է նախարարի սեղանին»,- գրել է թերթը։
Լրատվականն ընդգծել է, որ Պապոյանն այն ստորագրել է մոտ 10 օր անց, քանի որ հույս է ունեցել, որ գուցե ճնշումներն արդյունք կտան և Աղազարյանը վայր կդնի մանդատը, իսկ ինքը ստիպված չի լինի որդուն ազատել, որը նախարարությունում հայտնի է որպես բարեխիղճ պաշտոնյա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
Աղազարյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է իր հեռախոսը քրեական վարույթի շրջանակներում, որով անցնում է որպես վկա։ Նրա տեղեկություններով՝ դրանից հետո տվյալները հայտնվել էին Փաշինյանի ձեռքին, իսկ ավելի ուշ ՔՊ վարչության նիստում նա հրապարակել էր Աղազարյանի անձնական կյանքի մի շարք դրվագներ, նամակագրություններ։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ»։ Դեկտեմբերի 9-ին դատախազությունն Աղազարյանի կողմից արտահոսքեր կազմակերպելու հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։ Դեկտեմբերի 10-ին Աղազարյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզաբանել, թե ինչպե՞ս են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։