2023 թվականի հունվարին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ Ռ․ Մաթևոսյանին (Ռադիկ Մաթևոսյան-խմբ) մեղադրանք է առաջադրվել, հայտնել է տուժող կողմի փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նա տեղեկացրել է, որ Մաթևոսյանի կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ իրականացված նախաքննության վարույթն անջատվել է 15 զինծառայողի գործով քրվարույթից։ Փաստաբանը հավելել է, որ Մաթևոսյանին առնչվող վարույթի նախաքննությունն ավարտվել է, և առաջիկա օրերի ընթացքում այդ վարույթի նյութերը կուղարկվեն դատարան։
Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասով (Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով):
Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել 2023-ի հունվարի 19-ի գիշերը, ինչի հետևանքով 15 զինծառայող էր զոհվել։ Քննիչները հայտնել էին, որ հրդեհի պատճառ է հանդիսացել սպայի կողմից ջեռուցման համար բենզինի օգտագործումը։ Գխավոր դատախազությունը հաստատել էր այս վարկածը և քրեական գործ հարուցել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ։
Մեղադրանք էր առաջադրվել նաև կոմունալ ծառայության, հրշեջ անվտանգության և փրկարարական աշխատանքների ղեկավար, մայոր Մ.Ս.-ի նկատմամբ։ 2023-ի փետրվարի 9-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներական վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել
2024-ի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած դատական նիստում գործով ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը հայտարարել էր, որ «15 զինծառայողի մահն իր խղճի վրա է»։