Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը կարող է ազատվել աշխատանքից, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով նախարարության իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ Բրուտյանի հնարավոր ազատման պատճառը կապված է ՊՆ գործընկեր շինարարական ընկերության հետ, որը ՊՆ-ի համար բուժկետ է կառուցել, սակայն խնդիրներ է ունեցել շինվարչության հետ։
Թերթի տեղեկություններով՝ Բրուտյանն ընկերությանն առաջարկել է կոշիկի արտադրամաս հիմնել և կոշիկ կարել ՊՆ-ի համար։ Ընկերությունը մեկ միլիոն դոլարի վարկ է վերցրել, արտադրամաս հիմնել, բայց ՊՆ-ն հրաժարվել է գնումներից։
«Ասում են՝ ընկերության ներկայացուցիչները մտել են նախարարի մոտ ձայնագրիչով և «կինո» սարքել` գոռգոռոցներով, վիրավորանքներով, այնպես, որ նախարարի անվտանգության աշխատողներն ստիպված էին միջամտել։ Իրավապահ աղբյուրի փոխանցմամբ՝ ձայնագրությունը քննչականներից մեկում է»,- գրել է թերթը։
Փոխնախարարը թերթին հայտնել է, որ վեճն օրենսդրությամբ սահմանված կարգով ընթանում է։ Նա պարզաբանել է, որ 3 տարբեր ընկերություն կոշիկի արտադրության հետ կապված վեճ ունեն իրենց հետ, որոնք քննվում են օրենքի սահմաններում։
Նա նաև թերթին պարզաբանել է իր ունեցվածքի հետ կապված տեղեկությունները Մեղրաձորում ահռելի հողատարածք գնելու և 7-8 մլն դոլար արժողության բիթքոին ԱՄՆ ուղարկելու մասին։
«Ես Հանքավանում ունեցվածք ունեմ, որն իմ հայտարարագրում նշված է, որը որևէ փոփոխության չի ենթարկվել 2003 թվականից»,- հայտնել է նա։
Բրուտյանը Պաշտպանության փոխնախարարի պաշտոնն զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսից, մինչ այդ Ֆինանսների նախարարի և ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն էր։
Դեկտեմբերի 24-ին մամուլը գրել էր, որ Պաշտպանության նախարարության մի շարք աշխատակիցներ անցնում են Հակակոռուպցիոն կոմիտեի և ԱԱԾ-ի վարույթներով։