ՔՊ վարչության որոշմամբ՝ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը և Գոռ Սարիբեկյանը:
«Նախնական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- հավելել է Փաշինյանը։
Դեկտեմբերի 28-ին Փաշինյանը հայտարարել էր Փարաքար համայնքում հունվարի 11-13-ը նախնական ընտրություններ՝ փրայմըրիզ անցկացնելու մասին։ Ըստ նրա՝ թեկնածուների գրանցումից հետո Փարաքարում՝ Գյումրիի օրինակով, տեղի կունենա նախնական քվեարկություն, որի արդյունքում հաղթած թեկնածուն կնշանակվի Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար և 95 և ավել տոկոս հավանականությամբ՝ արտահերթ ընտրություններում կգլխավորի ՔՊ-ի համամասնական ցուցակը։ Ընտրությունները տեղի կունենան մարտի վերջին։
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, «Քաղացիական պայմանագիր» կուսակացության ներկայացուցիչ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 18-ին։ ԶԼՄ-ները նրա հրաժարականը կապել են նոյեմբերի 16-ին Երևանի Աջափնյակ համայնքի Նազարբեկյան փողոցում տեղի ունեցած սպանության հետ։
Նոյեմբերի 26-ին վարչապետը հայտարարել էր փրայմըրիզ՝ Գյումրու ժամանակավոր ղեկավարի ընտրության համար։ Ընտրությունների արդյունքներով նա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Սարիկ Մինասյանին։