Հունվարի 5-ին` ժամը 17:00-ին, Հայաստանի եկեղեցիներում Սուրբ Ծննդյան Ճրագալույցի ժամերգություն և Սուրբ պատարագ կմատուցվի, հայտնել են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից։
Քրիստոսի Ծնունդը ազդարարվել էր լույսով՝ Բեթղեհեմի երկնքում հայտնված աստղի միջոցով (այսօր երեկոյան եկեղեցուց բերված ճրագները, բացի աստվածային լույսից ու օրհնությունից, խորհրդանշում են նաև այս աստղը):
Երբ Հիսուսը ծնվեց, տեսնելով աստղը՝ արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, որպեսզի երկրպագեն նրան: Նրանք իրենց հետ նվերներ էին բերել՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ զոհաբերվողի: Ուստի՝ Փրկչին խոնարհվեցին մարդկային իմաստությունը՝ հանձին մոգերի, անմեղությունն ու պարզությունը՝ հանձին հովիվների:
Քրիստոսի ծննդյան այս բարի լուրի մասին առաջինն իմացան հովիվները, որոնց Տիրոջ հրեշտակը հորդորեց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11): Եվ հովիվները առաջինը արժանի եղան խոնարհվելու Նրան: Ադամական մեղքից մաքրագործման համար լույս աշխարհ եկավ Քրիստոս՝ Փրկիչը, և նրա զոհաբերման և փրկագործման ուղին էլ հենց սկսվում է նրա մարդեղությամբ՝ ծնունդով Սուրբ Կույսից։ Ուրեմն՝ թող որ Քրիստոսի Ծննդյան Լույսը՝ աստվածային օրհնությամբ հայտնվի բոլորիս տներում՝ վառված ճրագների տեսքով։ Եվ թող որ միմյանց ավետենք՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»։