Հայաստանը այն բացառիկ երկրներից է, որտեղ գնաճային շոշափելի երևույթներ չեն եղել, որտեղ ապրանքային դեֆիցիտ, ըստ էության, չի նկատվել: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում առկա կարիքները հոգալու համար կա դիմակի բավարար ծավալով արտադրություն:
Փաշինյանը նշեց, որ Կառավարության և տնտեսական մրցակցության հանձնաժողովի գործադրած ջանքերի շնորհիվ այսօր շուկայում դիմակների էական գնանկում կա:
«Ինձ այսօր ասացին, որ կարելի է նույնիսկ 80 դրամով դիմակ գնել, չնայած տնտեսական մրցակցոության պաշտպանության հանձնաժողովն ասում է, որ շատ տեղերում նույնիսկ 150-200 դրամով են վաճառում»,-ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ գների իրազեկվածությունը բարձրացնելու խնդիր կա:
Ըստ նրա՝ չիրազեկվածության պատճառով շատերը շարունակում են բարձր գին վճարել:
«Այսօր Հայաստանում վստահաբար ինքնաշխատ ավտոմատներից կարելի է հատը 100 դրամով գնել դիմակ: Այս պարագայում պետք է միանգամից 1 զույգ գնել՝ վճարելով 200 դրամ»,-ասաց Փաշինյանը: