Միացյալ Թագավորության կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի ավելի քան 25 հազար դեղաչափ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Մենք համոզված ենք, որ պատվաստումը շարունակում է միակ արդյունավետ գործիքը հանդիսանալ COVID-19 համավարակի դեմ պայքարի, դրա կասեցման և հետևանքների մեղմացման գործում։ Ուստի, շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորությունն օգնության ձեռք է մեկնել Հայաստանի մեր բարեկամներին՝ որպես ամբողջ աշխարհում համավարակի հաղթահարմանն աջակցելու մեր կառավարության հանձնառության մաս»,- ասել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար` ընդգծելով համավարակի դեմ պայքարին զուգահեռ առողջապահական այլ որոտներում գործակցելու կարևորությունը:
Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու Հայաստանի Հանրապետության առողջապահական գերատեսչության հետ համատեղ աշխատանքները: