Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը։
Մասնավորապես, ներկայացվել են տնտեսության առանձին ճյուղերում՝ վերամշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում նպատակային ներդրումային/զարգացման ծրագրերի իրականացմանն ու խթանմանը վերաբերող տարբեր առաջարկությունների փաթեթներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել օժանդակության գործիքակազմերին և հետագա գործողություններին:
Ի լրումն կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած ծրագրերի, ներկայացվել են նաև սոցիալական առանձին խմբերին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ առաջարկություններ:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված առաջարկությունների հիման վրա պատրաստել գործողությունների հստակ քայլեր և միջոցառումներ, որոնք կառավարության որոշումների տեսքով կյանքի կկոչվեն: